Ընդամենը մեկ տարի առաջ դժվար էր հավատալ, որ սա կարող է կատարվել հենց մեզ և մեր ազգային հավաքականի հետ: Եվրո-2012-ի ընտրական խմբային փուլի վերջին խաղում հաղթանակի դեպքում Հայաստանի ընտրանին կզբաղեցների երկրորդ հորիզոնականը և փլեյ-օֆում եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորություն կստանա:
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ – Ընդամենը մեկ տարի առաջ, 2010-ի սեպտեմբերի երեքին կայացած այս ընտրական շրջափուլի առաջին խաղից առաջ, պատասխանելով իռլանդացի լրագրողների հարցին, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշեց, որ Իռլանդիայի դեմ ոչ-ոքին դրական արդյունք կլիներ: Այն ժամանակ, հազիվ թե որևէ մեկի մտքով կանցներ, թե ինչի համար բավարար կլիներ այդ ոչ-ոքին: Չէ որ, դեռևս թարմ էին նախորդ ու մնացած բոլոր շրջափուլերի արդյունքները, երբ օրինակ Բելգիայի նկատմամբ հաղթանակի միակ հետևանքը կարող էր լինել մրցակից թիմի մարզչի պաշտոնից ազատումը, իսկ ուղեգրի համար պայքարի մեր հույսերը մարում էին մեկնարկային մի քանի տուրերից հետո:
Այդ հանդիպմանը նախորդած ՄԵՐ ՀՈԴՎԱԾ-ը, բացահայտում էր հետաքրքիր վիճակագրություն, որ հայ-իռլանդական ֆուտբոլային դիմակայություններում Հայաստանն առավելություն ունի: Հոդվածն արդիական է նաև այսօր և կարելի է աչքի անցկացնել ցանկության դեպքում ու ուշադրություն դարձնել մեկ տարի առաջ կատարված հարցման արդյունքներին, թե որքան էին այն ժամանակ "հավատում” մեր հավաքականին:
Այդ երեկո հանդիպման վերջնամասում ծերուկ Տրապատտոնիի կատարած փոփոխությունը վճռորոշ դարձավ, և չնայած, տարբեր մասնագետների գնահատականներով, լավ խաղին Իռլանդիան երեք միավոր տարավ փոխարինման մտած Քեյթ Ֆահիի գոլի շնորհիվ: Նաև հենց այդ գնդակի շնորհիվ է այսօր Իռլանդիան մեկ միավորի առավելությամբ մոտենում առաջիկա հանդիպմանը, իսկ Վարդան Մինասյանի նշած ոչ-ոքիի դեպքում Հայաստանը կունենար երկու միավորի առավելություն: Սակայն այն ժամանակ ոչ բոլորը կարող էին կանխատեսել, որ Հայաստանի հավաքականի արագ զարգացման առաջին փուլում է գտնվում և այժմ մեկ տարի անց նույն այդ ոչ-ոքիի բավարար լինելու մասին հարցն արդեն արդիական չէ ու անհեթեթ է:
ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԱՌԻԿՈՒԹՅՈՒՆ –Անդորրա, Ռուսաստան, Սլովակիա, Խորվաթիա, Իտալիա, Մակեդոնիա, Շոտլանդիա, Հյուսիային Իռլանդիա - Սրանք մեր այսօրվա մրցակցի վերջին ութ խաղերում մրցակիցներն են: Բոլոր այս ուժեղ, միջին և թույլ հավաքականները միասին 720 րոպե չեն կարողացել գրավել իռլանդացիների դարպասը վերջին չորս պաշտոնական և ընկերական խաղերում:
«Վիճագրությունը գոյություն ունի, որպեսզի մեկ օր այն խախտվի» հայտնի պնդումը մեր հավաքականը կփորձի գործածել վերջին երեք խաղերում իր ֆանտաստիկ մարզավիճակի շնորհիվ, որի արդյունքն են երեք խաղում խփած 11 գոլերը, որոնք այսօր քննարկում է ողջ ֆուտբոլային Եվրոպան:
ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԸ – Ըստ ամենայնի, միակ փոփոխությունը, որն ի տարբերություն Մակեդոնիայի դեմ նախորդ խաղի կկատարի Վարդան Մինասյանը, այն կլինի, որ որակզրկման պատճառով նախորդ խաղը բաց թողած Հրայր Մկոյանը կվերադառնա պաշտպանության կենտրոն: Իռլանդացիների մեկնարկային կազմում երկու փոփոխություն է սպասվում: Պաշտպանությունում որակազրկված Ստեֆան Ուորդին կփոխարինի «Բիմինգհեմի» պաշտպան Շոն Սթ Լեդջերը, իսկ հարձակման գծում իռլանցացիների վնասվածք ստացած ավագ Ռոբբի Քինին կփոխարինի «Ռեդինգի» 24-ամյա հարձակվող Սիմոն Կոքսը, որն ընդամենը հինգ խաղ է անկացրել իր ազգային թիմում, սակայն հասցրել է երկու գոլի հեղինակ դառնա:
ՈԳԵՇՆՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՆԱՆՔ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՀԵՏ - Քանի որ վերջին օրերում ինտերնետի հայկական հատվածում անընդհատ նոր ոգեշնչող հոլովակներ են ավելանում, մեր այս նախախաղյին նյութը նույնպես կավարտենք նման տեսանյութով, որը տեղին է այն պատճառով, որ այստեղ մասնակցում են այսօրվա Հայաստանի ազգային հավաքականի յոթ ֆուտբոլիստներ՝ Արտակ Եդիգարյանը, Արթուր Յուսպաշյանը, Էդգար Մալաքյանը, Լևոն Հայրապետյանը, Գևորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը և Հենրիխ Մխիթարյանը: Վերջին չորսը կլինեն «Ավիվայում» կայանալիք հանդիպման մեկնարկային կազմում: Տեղին է նաև այն պատճառով, որ այդ խաղում գրանցված հաշիվը մեր ընտրանու վերջին խաղերում տարած հաղթանակների ոգով է, թեև այսօր բոլորն էլ համաձայն կլինեն ցանկացած հաշվով հաղթանակի:
17.11.2009թ., մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլ. Հայաստան – Իռլանդիա 4:1